Romexpo 2026-ի շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Էկոնոմիկայի, թվայնացման, ձեռնարկատիրության և զբոսաշրջության նախարարության պետքարտուղար Լաուրենցյու Վիորել Գիդեյի, Զբոսաշրջության գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Ալին Գրիգորեի և Ռումինիայի Պատգամավորների պալատի անդամ Դումիտրու Վադուվայի հետ։
Քննարկվել են Հայաստան–Ռումինիա զբոսաշրջային համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով Բուխարեստ–Երևան ուղիղ չվերթների նշանակությունը, որոնք իրականացվում են «Վիզ Էյր» ավիաընկերության կողմից։
Կարևորվել է մեդիա ներկայացուցիչների, բլոգերների և կարծիքի առաջնորդների համար ճանաչողական այցերի (FAM trips) կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրների տուրօպերատորների ցանկերի փոխանակումը՝ գործնական համագործակցության զարգացման նպատակով։
Քննարկվել է նաև 2026 թվականին հայկական և ռումինական տուրօպերատորների միջև առցանց հանդիպման կազմակերպման հնարավորությունը՝ համագործակցությունը խորացնելու նպատակով։
Հայկական կողմը ներկայացրել է 2026 թվականի աշնանը Հայաստանում նախատեսվող Բժշկական զբոսաշրջության միջոցառումը և հրավիրել Ռումինիայի պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մասնակցելու միջոցառմանը։
Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության ոլորտում արհեստական բանականության լուծումների փոխանակմանը, ինչպես նաև ոլորտի թվայնացման գործընթացին՝ ներառյալ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծումը։
Հանդիպումը վերահաստատեց երկու երկրների պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ զբոսաշրջային համագործակցությունը և լիարժեք օգտագործելու առկա ներուժը։



