Քննարկվել են Հայաստան–ՊԳԿ համագործակցությունը...
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Հռոմում երկկողմ հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Քու Դոնյուհի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
 
Քննարկել են Հայաստան–ՊԳԿ համագործակցության ընթացիկ օրակարգը և այն խորացնելու հնարավորությունները՝ այդ թվում COP17-ի նախապատրաստական գործընթացների շրջանակում։
Նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՊԳԿ աջակցությունը՝ գյուղատնտեսական արտադրողականության և սննդային անվտանգության բարձրացման, ինչպես նաև ոլորտային իրավական, քաղաքական ու ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ իրականացվող ծրագրերի միջոցով։
 
Անդրադարձել են գյուղատնտեսություն–կենսաբազմազանություն կապի կարևորությանը և այն, որ առաջիկա COP17-ը լավ հնարավորություն է՝ համատեղ ձևավորելու արդյունքներին ուղղված նախաձեռնություններ։
 
Հայաստանը շարունակելու է քայլերը՝ ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ՝ հատկապես խոցելի խմբերի համար հնարավորություններ ընդլայնելու նպատակով։ Այս համատեքստում կարևորել են նաև գյուղատնտեսական պրակտիկաների արդիականացումը և ջրախնայող տեխնոլոգիաների կիրառումը։
 
Նախարարը ներկայացրել է նաև մի շարք նախաձեռնություններ՝ կայուն ու «խելացի» գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, որոնք կարող են արժանի կերպով ներկայացվել COP17-ի ընթացքում։ Միաժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ագրոսննդային համակարգերի, ագրոանտառտնտեսության և կենսաբազմազանության շուրջ համատեղ գործնական օրակարգ ձևավորելու շուրջ։