
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման հնարավորությունները նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման համատեքստում՝ ընդլայնելով ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացման նախաձեռնություններում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունը, Մխիթար Հայրապետյանը, ողջունելով պատվիրակությանը նախարարությունում, ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումները, ձեռքբերումները և առաջիկա նախաձեռնությունները։ Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ, ինչը համընկնում է «ԵՄ4 Ինովացիա Արևելք» ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակի հետ։
Նախարար Հայրապետյանն առանձնահատուկ անդրադարձել է նաև ԵՄ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նշանակությանը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում՝ կարևորելով գիտատեխնիկական և փորձարարական մշակումների համատեքստում փոխշահավետ համագործակցության զարգացումը։ Այդ ուղղությամբ հատկապես կարևորվել է համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արհեստական բանականության (AI) կիրառման ընդլայնումը:
Դեսպան Մարագոսն իր հերթին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ կոնկրետ քայլերով խորացնելու տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի ներգրավվածությունը ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային նախաձեռնությանը և Հայաստանում նորարարական էկոհամակարգի ամրապնդմանն աջակցելու ներուժը։ Կողմերը ընդգծել են փոխշահավետ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ նորարարության խթանման և կայուն զարգացման ապահովման նպատակով։ Հատուկ ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային համագործակցությունների ընդլայնման, ներդրումների ներգրավման և կայուն աճի տեսանկյունից:
«ԵՄ4 Ինովացիա Արևելք» (EU4Innovation East) ծրագիրը Եվրոպական միության կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն է, որի նպատակն է զարգացնել նորարարական և ստարտափ էկոհամակարգերը Արևելյան գործընկերության երկրներում: