«Արհեստական բանականության կիրառումը դասավանդման գործընթացում» թեմայի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է արհեստական բանականության ոլորտի պետական, մասնավոր, միջազգային շահառու կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, վարչության աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Արհեստական բանականությունը՝ ուսուցչի օգնական գործիք» բազային դասընթացի ծրագիրն և կառուցվածքային նկարագիրը: Ծրագիրը նախատեսված է դասավանդողների համար՝ անկախ մասնագիտական և առարկայական ուղղվածությունից:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է մասնագիտական քննարկումները՝ առանձնակի ընդգծելով արհեստական բանականության գործիքների կիրառման հրատապությունը ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների համար:
Ծրագիրը մշակող կառույցի՝ «405 կրթական դաշինք» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ստեղծված աշխատախմբերի գործունեությունը: Նշվել է, որ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ նախատեսվում է այն տեղայնացնել ըստ Հայաստանի կրթական համակարգի կարիքների և առանձնահատկությունների: Դասավանդման գործընթացում արհեստական բանականության կիրառման նպատակով ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ, որոնք կնպաստի ԱԲ օգնությամբ առարկաների դասավանդման արդյունավետության բարձրացմանը:



