Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 24-ին հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին:
Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:



