Քննարկվել է ֆիլմերի դասակարգման և դրանց տարիք...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Նիստին ներկա են եղել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ Լոռու, Սյունիքի և Արագածոտնի մարզերից։ 

Նիստի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացվել են 2025 թ․ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված գործունեության տարեկան հաշվետվությունները․ անդրադարձ է կատարվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության պետական ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություններին։

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, որ վերջին տարիներին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել երեխաների իրավունքների և բարեկեցության պաշտպանությանն ուղղված իրավական ու ինստիտուցիոնալ շրջանակների ընդլայնման ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ ընդգծել է 2025 թ․ ընդունված օրենսդրական բարեփոխումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք շուրջ 700 հազար երեխայի համար ապահովում են ոչ միայն պաշտպանված լինելու իրավունքը, այլև տալիս արժանապատիվ զարգանալու, կրթություն ստանալու և ներուժը բացահայտելու հնարավորություն՝ բռնությունից զերծ միջավայրում։ Միաժամանակ, Արսեն Թորոսյանը շեշտել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առավել համակարգված և հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև ֆիլմերի դասակարգման և դրանց տարիքային սահմանափակումների վերաբերյալ եզրակացություն տրամադրելու վերաբերյալ հարցը․ որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կքննարկի և ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի այս ուղղությամբ անհրաժեշտ եզրակացություններ։