Քննարկվել է ԱՄՆ-Ղազախստան գործընկերության զար...

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ: Այդ մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղազախաամերիկյան ընդլայնված ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ Վաշինգտոնում կայանալիք C5+1 ձևաչափով գագաթնաժողովի համատեքստում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում կայանալիք C5+1 գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։

Տոկաևը վստահություն է հայտնել, որ առաջիկա բարձր մակարդակի հանդիպումն արդյունավետ կլինի երկարաժամկետ համագործակցության հիմնական առաջնահերթությունների որոշման տեսակետից։ Նա հավելել է, որ Ղազախստանը մտադիր է լուրջ խթան հաղորդել ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական և ներդրումային գործընկերությանը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանը հավանություն է տալիս այն արտաքին և ներքին քաղաքականությանը, որը վարում է ԱՄՆ նախագահը։ Այդ համատեքստում Ղազախստանի նախագահը բարձր է գնահատել նրա ներդրումը խաղաղության ամրապնդման և միջազգային անվտանգության ապահովման գործում։

Տոկաևը նաև ընդգծել է Կենտրոնական Ասիայի աճող դերը համաշխարհային գործընթացներում։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները ցուցաբերում են աննախադեպ միասնություն և նվիրվածություն բարիդրացիական հարաբերություններին և ընդհանուր առաջընթացին։

Ամերիկացի պաշտոնյաների այցը Ղազախստան սկսվել է հոկտեմբերի 28-ին: