ՔԿ փորձաքննությունների թիվը գերազանցել է 9,80...

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի մարտի 16-ին այցելել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ:

ՊՈԱԿ-ի տնօրեն Վիգեն Մեսրոպյանն, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, ներկայացրել է կատարված փորձաքննությունների, ստացված եզրակացությունների, կադրային համալրման և Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացվել է փորձաքննություն նշանակելու մասին 10․148 որոշում (2024-ին՝ 8.226 որոշում), իսկ փորձագետների կողմից տրվել է 9․841 եզրակացություն (2024-ին՝ 6․021 եզրակացություն): Այսպիսով, արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով:

Ավարտված 9․841 փորձաքննությունից 8․757-ը եղել է ՀՀ քննչական կոմիտեի, 1․070-ը՝ ՀՀ ոստիկանության, 12-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, իսկ 2-ը՝ դատարանի կողմից նշանակված։

ՊՈԱԿ-ի տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքների ճիշտ կազմակերպման և պլանավորման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի փորձագիտական ծառայությունների ձեռք բերման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հանձնարարությամբ՝ որոշ տեսակի զենքերի և սառը զենքերի, հուշանվեր թղթադրամների, օտարերկրյա պետություններում թողարկված վարորդական իրավունքների և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի փորձաքննությունների փոխարեն դրանց զննություններն իրականացվում են փորձագետի մասնակցությամբ, ինչպես նաև համապատասխան հարցումներ են ուղարկվում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել փորձագետներին անհիմն ծանրաբեռնելուց և ավելորդ նյութածախսից։

Տնօրենն անդրադարձել է նաև կադրային քաղաքականությանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ը համալրվել է համապատասխան որակավորում անցած շուրջ 87  փորձագետով:

Վիգեն Մեսրոպյանը գոհունակությամբ նշել է, որ 2025 թվականի արդյունքներով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 548-րդ հորիզոնականը։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ նշելով, որ նրանց կատարած աշխատանքը տեսանելի է և էական նշանակություն ունի քրեական վարույթների ընթացքը լուծելու հարցում:

Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ:

Քննչական կոմիտեի նախագահը նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած հարցում ՊՈԱԿ-ին աջակցելու և խնդիրների առկայության դեպքում դրանց լուծում տալու:

Խորհրդակցությունից հետո Արթուր Պողոսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել փորձագետների հետ:

ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 1-ից գործում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կազմում կա 11 բաժին, որից 7-ը՝ կենտրոնական մարմնում, իսկ 4-ը՝ մարզերում:

Կազմակերպությունը փորձագիտական ծառայությունների մատուցումից և շուրջօրյա քրեագիտական աջակցության ցուցաբերումից բացի՝ վարում է նաև ՀՀ-ում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու, իրականացնում է մատնադրոշմների, գնդակապարկուճադարանի և ԴՆԹ նմուշների հաշվառումներ։