Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հունվարի 7-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
Մասնավորապես, հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են Marinera լցանավի կալանման համատեղ գործողությունը, Ուկրաինայի հարցում վերջին զարգացումները և ԱՄՆ գործողությունը Վենեսուելայում։
«Վարչապետը նաև հայտնել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում»,- հայտնել է վարչապետի խոսնակը։
Քիր Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը Դանիայի կողքին է Գրենլանդիայի պաշտպանության հարցում՝ ասելով, որ ոչ ոք չպետք է որոշի այդ տարածքի ապագան։
Տարեսկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։ Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է, և կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։
2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։



