Քելոգը հունվարին կհեռանա պաշտոնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգն իր գործընկերներին ասել է, որ պատրաստվում է հունվարին լքել վարչակազմը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով չորս աղբյուրների, որոնց անունները չեն նշվում։

Նախագահի հատուկ բանագնացի պաշտոնը ժամանակավոր է. այդ պաշտոնում 360 օրից ավելի մնալու համար հարկավոր է Սենատի հաստատումը:

Քելոգը նշել է, որ հունվարը հարմար ժամանակ կլինի պաշտոնից հեռանալու համար՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը։

Քիթ Քելոգը եվրոպացի դիվանագետների, ինչպես նաև ուկրաինացիների կողմից լայնորեն ընկալվում էր որպես ԱՄՆ վարչակազում մի անձ, որը համակրում է Կիևին:

Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը չեն արձագանքել տվյալ թեման մեկնաբանելու Reuters-ի հարցմանը։

Առայժմ պարզ չէ, թե ով կփոխարինի Քելոգին։