Հայաստանի իշխող կուսակցությունը խաղաղությունը դարձրել է իր հիմնական քարոզչական թեզը, քանի որ այլ բանի մասին խոսել չի կարող. ձախողել է բոլոր խոստումները։ Այս մասին Գորիսի բնակիչների հետ հանդիպմանն հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության թեման առաջ մղելու նպատակով նրանք փորձում են ցույց տալ, թե իրենք խաղաղության մոնոպոլիստներն են, իսկ մնացածը «պատերազմ են բերում»։ Սա անում է մի մարդ, որն անձամբ պատերազմ, զոհեր ու հսկայական դժբախտություն է բելեր ժողովրդին, և մեղադրում է այն առաջնորդին, որի օրոք եղել է արժանապատիվ խաղաղություն, արձանագրել է Քոչարյանը՝ կատարվողն անվանելով աբսուրդ։
Ամենաանհեթեթն ու պարադոքսալը քաղաքական գործիչը համարում է այն, որ Փաշինյանը համառորեն հրաժարվում է խաղաղության երաշխավորներից ու երաշխիքներից։ «Թող Փաշինյանը բացատրի, թե ինչով են իրեն խանգարում երաշխիքները։ Զրո պատասխան։ Ասում են, թե խաղաղությունը պետք է երաշխավորի Ադրբեջանը։ Դուք համաձա՞յն եք դրա հետ»,- դիմել է Քոչարյանը ներկաներին։ «Ո՛չ»,- արձագանքել են դահլիճից։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ «թշնամի» են հայտարարվել նաև հայկական ինքնությունը, պատմությունն ու եկեղեցին։ «Այս մարդը գցել է ժողովրդին։ Ընկերների մասին արդեն գիտենք։ Բոլոր ուղղություններով գցել է հայ ժողովրդին։ Նա ոտքից գլուխ քաղաքական խաբեբա է։ Քարտեզն ամրացրել է կրծքին. չեմ զարմանա, եթե վաղը գլոբուսը գլխին դրած հայտնվի»,- հեգնել է Քոչարյանը։
Նա անհեթեթ է անվանել Փաշինյանի այն հավաստիացումները, թե իշխանությունները «բանակը զրոյից են կառուցել»։ «Ժառանգեց մարտունակ բանակ ու քանդեց, հիմա դրա քանդման մեջ մեղադրում է բանակ ստեղծողներին»,- արձանագրել է Քոչարյանը։ Վերջում նա ընդգծել է, որ խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդուց՝ Ալիևից։ Դա վասալային կախվածություն է Ադրբեջանից, հայտարարել է Քոչարյանը։



