Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Մայիսի 18-ի՝ գալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով:
Նրանցից երեքն առաջնորդում են ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժեր։
Որպես սպառնալիքների «հիմնավորում» Փաշինյանը վկայակոչել է անհայտ ծագման տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված չորս անձ սպառնում են իրեն։
Առանց որևէ փաստի՝ Փաշինյանը վերագրել է տեսանյութն ընդդիմադիրներին, պնդելով, որ դիմակավորվածների թիկունքում կանգնած են իր քաղաքական մրցակիցները։
Նախկինում Փաշինյանի սպառնալիքներին հաջորդել են ուժային կառույցների գործողություններ։ Նախընտրական շրջանում վարչապետի կողմից նման սպառնալիքներն ինքնին հարցականի տակ են դնում ընտրապայքարի արդարացիությունն ու քաղաքական ուժերի՝ հավասար մրցակցային պայմաններից օգտվելու հնարավորությունը։
Դիմակավորված անձանց անհայտ ծագման տեսանյութն օգտագործվում է որպես պատրվակ։
Հաշվի առնելով նախկին փորձը, ինչպես նաև Փաշինյանի՝ ուժային կառույցների և դատական համակարգի նկատմամբ ունեցած լծակներն ու ազդեցությունը, մայիսի 18-ին հնչեցված հաշվեհարդարի սպառնալիքները պետք է ընկալվեն լուրջ և մեկնաբանվեն որպես վերահաս քաղաքական հետապնդումների սպառնալիք»։



