Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունն...

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դրա կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը հայելային հետ քաշվեն, այդ տարածքներում տեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերը եւ մենք սկսենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց: Մինչեւ նոյեմբերի 10-ը որեւէ նման բան չի նախատեսվում, բայց գիտեք, որ մենք հայտարարել ենք մեր պատրաստակամությունը այդ աշխատանքներն սկսելու», - ասաց նա։

Միևնույն ժամանակ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի համար այդ առումով որևէ խանգարող հանգամանք չկա այս պահին. «Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից», - ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն այդ մասին ՄԱԿ-ում հայտարարություն արել է, սակայն գործընթացն առաջ չի շարժվում. «Կարծես թե, սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ։ Ինչ վերաբերվում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը», - ասաց Գրիգորյանը։

Նա նաև ասաց, որ Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։

«Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում», - նշեց Գրիգորյանը։