Քարտեզները վերանայելու քաղաքականությունը ձախո...

Հունաստանը շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

« Եվ դա, իհարկե, նաև վերաբերում է մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը»,-ասել է Դենդիասը:

Նա նաև մեսիջ է ուղարկել այն երկրներին, որոնք «փորձում են վերասահմանել քարտեզները».

«Եվ իմ մեսիջը հետևյալն է՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Մենք վկա ենք նաև թուրքական հռետորիկայի, թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական կղզիներ: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ  Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակներում, և այս պարտավորությունները բխում են Լոզանի համաձայնագրից»,-նշել է Հունաստանի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ Թուրքիան դեմ է, որովհետև Հունաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքներն անպաշտպան մնան: Ըստ նրա՝ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ:

«Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքը «Սուրբ կտակարանն է» միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար: Այս տեսակետից մենք ողջունում ենք նաև վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար»,-հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը: