Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խա...

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Բարձրաստիճան դիվանագետը ընդգծեց՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան և կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», -ռադիոկայանի հետ զրույցում նշել է Սելեզնյովը:

Այս ամսվա սկզբին՝ Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո, Ստեփանակերտը հայտարարեց, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները:

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել գործող միջանցքի տեղափոխում դեպի հարավ և հարավային ուղղությամբ Արցախի տարածքում ճանապարհն արդեն պատրաստ է, Հայաստանի տարածքում էլ պատրաստ կլինի մյուս տարի, և ռուսական զորախումբը, միջանցքը տեղափոխվելու է դեպի հարավային ուղղությամբ, հետևավաբար, այստեղ ռուսական զորախումբ օգոստոսի 25-ից չի լինելու, և անհրաժեշտություն է առաջացել, քաղպաշտպանության պլանների համաձայն, մարդկանց տեղափոխման հարցեր քննարկել», - ասել է Խանումյանը: