Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վլադիմիր Պուտինը փորձելու է Իլհամ Ալիեւի օգնությամբ պոկել մեզ Արեւմուտքից։ Պետք է ՈՉ ասենք ռուսական միջնորդությանը», «Դա չի լինելու՝ Բաքվին ՀՀ տարածքներ չեն տրվելու․ ՌԴ պլանին դիմակայում է աշխարհի հզորագույն նախագիծը», «Երեւանը Բաքվին Մեղրիով միջանցքի գրավոր խոստում տվել է 2001 թվականին», «ԵՄ դիտորդների՝ ՀՀ սահման ժամանելով Հայաստանի սահմանը վերածվել է ԵՄ սահմանի», «Ալիևը չափն անցել է Հայաստանի դեմ իր ռազմական գործունեությամբ և նույնիսկ Էրդողանին է վնասել», «Որոշված է՝ ՀՀ-ն Եվրոպայի մաս է, կարգավիճակի հարց է քննարկվում», «ԱՄՆ-ին պետք է ցույց տալ՝ պաշտպանելով Սյունիքը, պաշտպանում են դեմոկրատիան»:
Սա միայն մի մասն է այն ամենի, ինչը բոլոր հնարավոր աղբյուրներից թափվում է ժողովրդի գլխին։ Ակնհայտ է, որ նման «տեղեկատվական գրոհի» պայմաններում (որը երբեմն վերածվում է դիվերսիայի), ժողովուրդը և՛ կպառակտվի, և՛ կշփոթվի։
Բայց, եթե Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը (այդ թվում տեղեկատվական դաշտում) հասկանալի է, և աղետի նախաշեմին նրան պետք է պատասխանատու նշանակել ՌԴ-ին, «նախկիններին» և ճանապարհ հարթել դեպի «քաղաքական ապաստան Արևմուտքում» (իսկ եթե ստացվի, ապա անգամ մնալ իշխանության՝ եթե ռուսական ռազմական ներկայությունը փոխարինվի թուրքականով), ապա շատ դժվար է ասել թե ինչ պատճառով է, որ ընդդիմությունը հասարակությանը չի ներկայացնում մոտալուտ տոտալ աղետի ողջ պատկերը և ինստիտուցիոնալ լուծումներ չի առաջարկում: Դուք, հարգելի քաղաքական գործիչներ, պատասխանատու եք Հայոց պետականության պահպանման համար, իսկ դրա փլուզման դեպքում «Նիկոլն ամեն ինչ ծախեց» արդարացումը չի գործելու։
Դժվար է ասել նաև, թե իրականում ինչ պատճառով է, որ Արցախի իշխանությունները չեն խոսում այն մասին, որ միգուցե իրենց այստեղից առաջարկում են ԱՄՆ-ի հովանու ներքո դառնալ Ադրբեջանի մաս։ Փակ դռների հետևում միգուցե, ասում են, որ «ֆինանսավորումը գալիս է Հայաստանից, և չենք կարող ընդդիմանալ Նիկոլին», բայց սրանով փաստացի առաջարկում են Փաշինյանից ֆինանսավորում ստանալ մինչև այն պահը, երբ ադրբեջանական անձնագրեր ստանան...
Մենք ոչ միայն աղետից «հինգ պակաս» վիճակում ենք , այլև դառնում ենք կոլեկտիվ ինքնասպանության ու կոլեկտիվ հանցագործության ականատես ու մասնակից։



