Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խռովության փորձից հինգ օր հետո Կրեմլում հանդիպել է «Վագներ» ՄՌԿ ղեկավարության հետ, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսկապես, նախագահը նման հանդիպում ունեցել է։ Նա հանդիպմանը հրավիրել էր 35 մարդու։ Ընկերության ջոկատների բոլոր հրամանատարներին եւ ղեկավարությանը։ Ներառյալ Պրիգոժինին։ Այդ հանդիպումը կայացել է Կրեմլում հունիսի 29-ին։ Տեւել է մոտ երեք ժամ»,- ասել է նա լրագրողներին։
Պեսկովի խոսքով՝ Պուտինը միջոցառման ժամանակ «գնահատական է տվել ընկերության գործողություններին ճակատում հատուկ ռազմական գործողության ընթացքում, ինչպես նաեւ իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները եւ առաջարկել նրանց աշխատանքային գործունեության հետագա տարբերակները»։
«Նրանք շեշտադրել են, որ պետության ղեկավարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի համոզված կողմնակիցներն ու զինվորներն են»,- ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հանդիպման այլ մանրամասներ Պեսկովին հայտնի չեն։