Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակառուսա...

Ուկրաինայում հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, դա պարզապես ժամանակի հարց էր։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» կոսմոդրոմի աշխատակիցների հետ զրույցի ժամանակ։

«Ուկրաինան սկսել էին վերածել հակառուսական հենակետի, սկսել էին աճեցնել ազգայնականության ու նեոնացիզմի՝ այնտեղ վաղուց գոյություն ունեցող ծիլերը։ Նեոնացիզմի ընձյուղը հատուկ աճեցնում էին, և Ռուսաստանի բախումն այդ ուժերի հետ անխուսափելի էր, նրանք միայն ընտրում էին հարձակվելու ժամանակը», – ընդգծել է Պուտինը՝ ասելով, որ դա միայն ժամանակի հարց էր։

Պուտինը նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար Ռուսաստանի Դաշնությունն օգնում է Դոնբասի ժողովրդին, իսկ մյուս կողմից՝ «միջոցներ է ձեռնարկում հենց Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար»։

«Ակնհայտ է, որ մենք այլ ելք չունեինք, դա այդպես է, և կասկած չկա, որ [հատուկ գործողության] նպատակները կիրականացվեն»,- եզրափակել է նա։