ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հարցերին, հայտարարել է, որ չի տեսնում չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և եվրասիական գործընկերության մրցակցության տարրեր. Մոսկվան և Պեկինը կաշխատեն միասին երկու հարցերի շուրջ։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Եթե զարգանա նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, դա սիներգետիկ էֆեկտ կստեղծի այն ջանքերի և ներդրումների համար, որոնք մենք ներկայումս կատարում ենք` զարգացնելով Ռուսաստանի հնարավորությունները: Մենք դրանում շահագրգռված ենք», - ասել է Պուտինը՝ պարզաբանելով իր դիրքորոշումն այն բանի վերաբերյալ՝ արդյոք Եվրասիական մեծ գործընկերությունը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը փոխլրացնող են, թե՞ դրանցում կան մրցակցության տարրեր:
«Կաշխատենք միասին, ոչ մի մրցակցություն այստեղ չկա», - հավելել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի նախաձեռնությունը վերաբերում է աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններին. «թե՛ Ամերիկայի մայրցամաքին, թե՛ Աֆրիկային, թե՛ Եվրոպային, թե՛ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարևաններին, նաև Ռուսաստանին», մինչդեռ եվրասիական գործընկերությունը տեղային է, թեև «բացարձակ առաջնահերթություն է» ՌԴ-ի համար:
Պատասխանելով Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հաջորդ հարցին` ՌԴ նախագահն ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Պուտինի խոսքով՝ թեմաները, բացի երկկողմ օրակարգից, ներառել են Ուկրաինան և Մերձավոր Արևելքը:



