![Պուտինը չի ծրագրում «հացահատիկի գործարքի» շու...](/imgs/posts/medium/2023/07/e55b1ba.jpeg)
Կողմերը, որոնք փորձում են շարունակել «հացահատիկի գործարքի» իրականացումն առանց Ռուսաստանի մասնակցության, պետք է հաշվի առնեն այն ռիսկերը, որ ուկրաինական հացահատիկի արտահանման երթուղին անցնում է ռազմական գործողությունների շրջանով․ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Կիևի առաջարկը Անկարային՝ շարունակել «հացահատիկային գործարքը» առանց Ռուսաստանի մասնակցության։
«Այստեղ, իհարկե, մեր զինվորականների կողմից մեկնաբանության կարիք կա, քանի որ մենք խոսում ենք մի գոտու մասին, որն անմիջականորեն մոտ է մարտական գոտուն, և առանց անվտանգության համապատասխան երաշխիքների այնտեղ որոշակի ռիսկեր են առաջանում»,- ասել է Պեսկովը։
Նա անբարեխիղճ է անվանել եվրոպական երկրների դիրքորոշումը, որոնք չեն կատարել «հացահատիկի գործարքի» պայմանները։
«Այս դեպքում, հավանաբար, եվրոպական պետությունների դիրքորոշումը պետք է անբարեխիղճ անվանել: Սա պարոն Գուտերեշի և ՄԱԿ-ի մեղքը չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ կապված Ռուսաստանի՝ «հացահատիկի գործարքից» դուրս գալուն։
«Մենք բարձր ենք գնահատում պարոն Գուտերեշի դերը այս համաձայնագրի կնքման գործում և բարձր ենք գնահատում նրա ջանքերը՝ փորձելով համոզել եվրոպական երկրներին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Ցավոք, դա տեղի չունեցավ»,- հավելել է նա։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ծրագրում շփվել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «հացահատիկի գործարքի» թեմայով։