Պուտինն ու Էրդողանը բանակցություններ են վարու...

Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, սկսվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բացելով հանդիպումը Պուտինը նշել է, որ երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար զարգանում են, և, որ ինքն ու Էրդողանը մշտապես կապի մեջ են՝ կարծիքներ փոխանակելով աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Թուրքիայի ղեկավարը հաստատել է, որ նախագահները հեռախոսով կապ են պահպանում, երկու երկրների նախարարներն էլ հանդիպում են։

«Ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ ողջունելու իմ երկրում»,- ավելացրել է Էրդողանը:

Էրդողանը նաև ասել է, որ ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 55 միլիարդ դոլարի մակարդակում է, սակայն նպատակը 100 միլիարդի հասնելն է։

Ինչպես ռուսական Առաջին ալիքին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ և կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է՝ դժվար թե քննարկվի Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը։