Մինսկը մշտապես կողմ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը՝ պատասխանելով ՀՀ ԱԳՆ-ին, որն այսօր արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։
«Գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն բավական յուրօրինակ դիրքորոշում է զբաղեցրել։ Իր դաշնակիցների նկատմամբ պարտավորություններին հավատարմությունն արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործով։ Պրոֆեսիոնալ չէ այդ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը։ Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության գծերից մեկն է։ Ուստի հետագայում ևս մեր գործընկերներն ու դաշնակիցները պետք է վստահ լինեն դրանում։ Եթե այլ երկրներ ևս իրենց այդպես պահեին, շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել։
Բացարձակ հասկանալի է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի են ու ազնիվ։ Հենց այդ կերպ՝ առանց քաղաքական խաղերի եւ ինտրիգների, պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը մարդկանց կյանքերի ու ճակատագրերի մասին »,-ասել է Գլազը։
ԱԳՆ-ից նշել են, որ առցանց ձևաչափով անցկացված գագաթաժողովին ներկա Փաշինյանը պատասխանել է իր գործընկերներին։
«Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն ուշացած մեկնաբանում։ Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետեւողականորեն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և էական ջանքեր է գործադրել թե բազմակողմ, թե երկկողմ ձևաչափերում դրա լուծման համար։ Հայաստանի և ԱԴրբեջանի նախկին ու ներկա առաջնորդները երախտապարտ են Բելառուսի ղեկավարին՝ խաղաղության անկեղծ ցանկության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում անձնական ներդրման համար։ Մեր բարեկամներին եւ գործընկերներին կոչ ենք անում ուշադիր լսել Բելառուսի նախագահի ելույթը»,-ասել է Գլազը։
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն ոչ դաշնակցային, հախուռն էր որակել Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները։
Հիշեցնեն նաև, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին: «Հարցը դնել մի կողմից ՀԱՊԿ-ն դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը: Ինչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկ չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»,- ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:
Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կսատարեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված որևէ որոշման:



