Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծի ընդունման դեպքում պրակտիկանտները կկարողանան վարձատրվել, իսկ նրանց ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության, այլև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում։
Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։ Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրային ծառայության գրավչությունը և կյանքի կոչել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ որդեգրված տաղանդների կառավարման մոտեցումը։«Փոփոխություններով նախատեսվում է, որ պրակտիկանտները կարող են նաև վարձատրվել։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ կար իմպերատիվ պահանջ, որ նրանք չեն վարձատրվում»,- ասաց Քալաշյանը։ Նախագծով նախատեսվում է նաև, որ պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, այլև հանրային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու դեպքում։Քալաշյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով պրակտիկանտների ստաժին տրվում է նաև հետադարձ ուժ։ Այսինքն՝ մինչ օրս պրակտիկա անցած անձանց ստաժը ևս կհամարվի հանրային ծառայության ստաժ։ «Մինչ օրս բոլոր պրակտիկանտների ստաժը պետք է համարվի որպես հանրային ծառայության ստաժ»,- նշեց նա։Նախագծով նախատեսվում է, որ պետական մարմիններում պրակտիկանտների ընդգրկման առանձնահատկությունները, նրանց ստաժի հաշվարկման, աշխատանքներին մասնակցության և վարձատրության կարգը կսահմանվի համակարգող փոխվարչապետի համապատասխան կարգով։ Այդ կարգի ընդունման համար սահմանվում է օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետ։Քալաշյանը նշեց, որ վարձատրության վերաբերյալ կարգավորումը ուժի մեջ կմտնի համապատասխան կարգի ընդունումից հետո։«Վստահ եմ, որ այս տեսանելի փոփոխությունը զգալիորեն կմեծացնի հանրային ծառայության գրավչությունը և լսելի կլինի մեր երիտասարդներին, որոնք մղում ունեն իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը և անցնելու հանրային ծառայություն»,- ասաց Քալաշյանը։Նախագծով նախատեսվում է նաև, որ եթե անձը հանրային, համայնքային պաշտոն, փորձագետի կամ պրակտիկանտի պաշտոն զբաղեցրել է օրենքի խախտմամբ, ապա այդ ժամանակահատվածը չի ներառվի հանրային ծառայության ստաժում։



