ՊՊԾ աշխատողը կարող է ուժ էլ գործադրել, զենք է...

Ես չեմ տեսել՝ ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:

«Երբ ՊՊԾ ծառայողը աշխատանքը չանի, աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող է հայտնվել բանտում իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար: Երբ որևէ մեկը գործողություն է անում, բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան է, կամ առողջական խնդիրներ ունի, կամ չգիտեմ, այլ կարգի խնդիրներ ունի: Ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները, եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի և երկրորդը, ես չեմ հանդուրժի, որ ՀՀ  որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի, բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի ՊՊԾ, կլինի բանակ, կլինի ԱԱԾ։ Բա ի՞նչ պետք է աներ, այսինքն՝ պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ»,-նշեց նա։

Փաշինյանն ասաց՝ որքանով հասկանում է՝ ՊՊԾ աշխատակիցն այնպես է հարվածել, որ մարմնական վնասվածքներ չի հասցրել: Նա նաև հավելեց, որ ՊՊԾ աշխատակցի աշխատանքը գնահատելն իր աշխատանքը չէ:

Հիշեցնենք, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը երեկ 2 ամսով կալանավորվեց: