ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի արտասահմանյան հերթական տուրնեն շարունակվում է։ Ըստ գրաֆիկի, նա այսօր ժամանելու է Թուրքիա՝ Ստամբուլ, որտեղ Թուրքիայում կրոնական ազատության հետ կապված խնդիրներ քննարկելու եւ Թուրքիայում կրոնական ազատությունների վիճակի մասին իրազեկվելու համար հանդիպում է ունենալու Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս 1-ինի հետ։ Անկարայում ակնհայտ դժգոհ են այս այցից։ Թուրքական ոչ մի պաշտոնյայի հետ Պոմպեոն չի հանդիպելու։ Որքան էլ փորձ արվի սա ներկայացնել այնպես, թե իբր Էրդողանի աշխատանքային գրաֆիկը թույլ չի տվել այդ հանդիպումը ներառել, սակայն միեւնույնն է, պարզ է մի բան, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում սկսում է առավել խորանալ լարվածությունը։ Արդեն Ֆրանսիայում Պոմպեոն հակաէրդողանական հայտարարություններ է հնչեցրել՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո։ Անկարայում հիմա զգուշավորաբար սպասում են հատկապես հետհունվարյան զարգացումներին, այսինքն այն զարգացումներին, որոնք հեղինակվելու են Բայդենի վարչակազմի կողմից։ Նրանք իհարկե հասկանում են, որ կարեւոր դաշնակից են ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ համար, սակայն նաեւ Էրդողանի ինքնագլխությունը զայրացրել է ԱՄՆ-ին եւ դժվար թե Վաշինգտոնը այդքան հեշտությամբ ների Անկարայում իրեն սուլթան երեւակայած Էրդողանին։ Անկարայում նաեւ հասկանում են, որ Վաշինգտոնը Թուրքիայի ուղղությամբ կարող է նույնիսկ ոչ մի կրակոց չարձակել, սակայն ունի բավարար գործիքակազմ, տնտեսական եւ ֆինանսական ճնշումներով փլուզել թուրքական տնտեսությունն ու հասնել ընդհուպ մինչեւ Էրդողանի՝ ասպարեզից հեռացմանը։



