Փոխվարչապետ Մաթևոսյանին ներկայացվել է Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագիրը Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին։
Նշենք, որ բնակելի և հասարակական շենքային համալիրների կառուցման, ինչպես նաև անտառ պուրակի հիմնման նպատակով առանձնացվել է 129 հեկտար մակերեսով հողատարածք, որը նախատեսվում է կառուցապատել հինգ փուլերով։ Աշխատանքային այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է տեղի քաղաքաշինական առանձնահատկություններին և հատակագծին, հետևել է մեկնարկած շինարարական աշխատանքներին, այնուհետև անցկացրել է խորհրդակցություն։
Վերջինիս ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և կառուցապատող «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը փոխվարչապետին ներկայացրել են հնգափուլ ծրագրի մանրամասները՝ նշելով, որ վերջնարդյունքում լինելու են բնակելի միկրոշրջաններ՝ 63 բնակելի շենքերով, հիմնվելու է անտառ-պուրակ։
Միկրոշրջաններում գործելու են մանկական նախադպրոցական հիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, կառուցվելու է նաև խոշոր առևտրի կենտրոն և մարզաառողջարանային համալիր, ինչպես նաև՝ վարչա-հասարակական կենտրոն, որտեղ լինելու են բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, բազմաֆունկցիոնալ հաստատություններ։
Տարածքում նախատեսվում է նաև հիվանդանոցի կառուցում: Կառուցապատող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս փուլերի ընթացքում կատարվող ներդրումները կկազմեն շուրջ 3 մլրդ դոլար, իսկ բնակելի միկրոշրջանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2027 թվականին։