Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ու ադրբեջանցիներ...

Իլհամ Ալիեւի վարչակազմի հակահայկական քարոզչության մեջ առանձնահատուկ կարեւորություն ունի Նժդեհի դեմ արշավը։ Ռուսական միջավայրի համար Նժդեհը բավականին ոչ միանշանակ ընկալվող կերպար է եւ հաճախ սա շահարկվում է նրան որպես ֆաշիստ ներկայացնելու համար։ Ալիեւը բավական լավ կարողանում է շահարկել այս թեման հայկական ազգային գաղափարախոսությունը փորձելով աղերսել ֆաշիստական կամ նացիստական գաղափարախոսությունների հետ։

Պատահական չէ, որ այժմ էլ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում տեղադրված արձանը, որի պաշտոնական բացումը դեռ չի եղել: Ալիեւյան վարչակարգը, պետք է արձանագրել, որ ունի իր նվիրյալ աջակիցները Հայաստանի գործող իշխանություններում։ Օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ «Նժդեհյան գաղափարախոսությունը ըստ էության ֆաշիստական գաղափարախոսություն է»։

Ըստ Ժաննա Անդրեասյանի, «Ցեղակրոն գաղափարախոսությունը մեզ համար, որպես 21-րդ դարի հասարակություն, խիստ վտանգավոր է, որովհետեւ այն հենված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ այլ հասարակությունների հանդեպ սեփական գերազանցության» գաղափարների վրա։

Պետք է արձանագրենք, նման մտքեր նույնիսկ հակահայ գործիչ Իգոր Կորոտչենկոն իրեն թույլ չի տալիս, ամեն դեպքում հասկանալով, որ որքան էլ նվիրվի Բաքվի քարոզչամեքենային, փոքրիկ «լուսամոտ» թողնել պետք է։ Սակայն պարզվում է նիկոլական կաիբենտում որոշել են նույնիսկ Կորոտչենկոյին եւ Ալիեւին գերազանցել հայ ազգային գաղափարախոսության դեմ իրենց ոտնձգություններում։