«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ընկերությունը ՊԵԿ-ի հետ...

Այսօր «Ժամանակ» օրաթերթը իր հոդվածներից մեկում գրել էր, որ «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն վերապատրաստել է ոչ ավելի, ոչ պակաս ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ըստ հրապարակման ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պետական բյուջեի հաշվին նշված ընկերության համար «գործ է կպցրել»։

Հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Politik.am-ը կապ հաստատեց ՊԵԿ լրատվական ծառայության  հետ: ՊԵԿ լրատվականից մեզ հայտնեցին , որ հիշատակվող դասընթացների պայմանագիրը նշված ընկերությունը ՊԵԿ-ի հետ կնքել է դեռևս 2015 թվականին, երբ Դավիթ Անանայանը ՊԵԿ ղեկավարի պաշտոնը չէր զբաղեցնում.«ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել է դեռևս 2015 թվականին: Համաձայն պայմանագրի՝ նշված կազմակերպությունը 2015 թվականի նոյեմբերի 2-ից 6-ը ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում անցկացրել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով ընդամենը 40-ժամյա դասընթաց, որին մասնակցել են հաշվապահական հաշվառման այն ժամանակվա նոր համակարգին անցում կատարող գերատեսչությունների և պետական կազմակերպությունների ավելի քան 40 հաշվապահներ, ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարներ:Միաժամանակ լրատվականից շեշտում են,որ դա եղել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնին  ծառայություններ մատուցելու միակ գործարքը և այն ժամանակ Դավիթ Անանյանը ՀՀ ՊԵԿ նախագահ չէր:

Հետեւապես, հոդվածի անդրադարձը , թե «Այսինքն` Անանյանը պետական բյուջեի հաշվին իր ընկերության համար «գործ է կպցրել» չի համապատասխանում  իրականությանը և ապատեղեկատվություն է»: