Պետությունը նախատեսում է 2026-ին համայնքներին...

Պետությունը նախատեսում է 2026 թվականին համայնքների տրվող դոտացիայի չափը հասցնել 107.8 մլրդ դրամի: 

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը:

«2024-ին ընդհանուր առմամբ 71 համայնքի տրամադրվել է 85.3 մլրդ դրամ՝ ճիշտ այնքան, ինչքան նախատեսված է եղել տարեսկզբին»,-ասաց Խուդաթյանը:

Նախարարը հիշեցրեց՝ 2024-ին առաջին անգամ բարելավվել է ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող մեխանիզմները, որը միտված է եղել տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև հնարավոր բևեռացման մեղմմանը:

«Այդ նպատակով առաջին անգամ 82 սահմանամերձ բնակավայրի անվտանգային ծախսեր կատարելու համար լրացուցիչ հատկացվել է 5-ական միլիոն դրամ: Առաջին անգամ ազգային փոքրամասնություններով 8 համայնքներից յուրաքանչյուրին տրվել է 50-ական մլն դրամ դոտացիա: Դոտացիայի չափը շարունակական աճում է: 2026 թվականին դոտացիայի չափը կկազմի արդեն 107.8 մլրդ դրամ, որը 2023 թվականի համեմատ կաճի շուրջ 54 տոկոսով»,-ասաց նախարարը

Անդրադառնալով սուբվենցիաներին՝ նա նշեց, որ 31 մլրդ դրամի սուբվենցիա է տրամադրվել: