«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հոր մեգա բիզնես նախագիծը ակնհայտորեն կոռուպցիոն տարրեր է պարունակում, սակայն, «Սիվիլնեթի» հրապարակումից մոտ կես ամիս անցնելուց հետո էլ, իրավապահները կամ կոռուպցիայի դեմ պայքարող պետական այլ կառույցները որեւէ քայլ չեն նախաձեռնել: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խնդրահարույց մեգանախագծի հաստատումը. պարզվում է, որ նախկին իշխանությունների օրոք պետությանը 7 մլրդ դրամի (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) վնաս պատճառած, ապա իր սխալն ընդունած եւ վնասները վերականգնած «Սպայկա» ընկերությունը, որը ՔՊ-ական իշխանության հետ արդեն ջերմ է ինչպես «նախկինների» հետ, Երեւանի փոխքաղաքապետի ընտանիքի փաստացի տանիքն է: Ինքը՝ Արմեն Փամբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ թոշակառու հոր վարկավորման երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը: