
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն ասում է, որ Եվրամիությունը պետք է կենտրոնանա պատժամիջոցների նոր փաթեթի վրա՝ խեղդելու Ռուսաստանի տնտեսությունը և ստիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը: Այդ մասին գրում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 17-րդ փաթեթի հաստատումից հետո՝ Բարրոն նշել է, որ մինչ այժմ ներդրված միջոցների ազդեցությունը անբավարար է եղել, և ԵՄ-ն պետք է համագործակցի Միացյալ Նահանգների հետ, որտեղ Կոնգրեսն արդեն ջախջախիչ միջոցներ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի ճնշում գործադրել Մոսկվայի վրա։
«Մենք պետք է ավելի հեռուն գնանք, քանի որ ներկայիս պատժամիջոցները չեն համոզել Վլադիմիր Պուտինին դադարեցնել իր նվաճողական պատերազմը: Հետևաբար, մենք պետք է պատրաստվենք ջախջախիչ պատժամիջոցների ընդլայնմանը, որոնք կարող են վերջնականապես խեղդել Ռուսաստանի տնտեսությունը»,- կարծում է Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։
Բարրոն նաև ասել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ՝ իր պատրաստած պատժամիջոցների օրինագծի շուրջ։
Այս օրինագիծը նախատեսում է 500 տոկոս մաքսատուրքեր մտցնել ռուսական նավթ ներկրող երկրների համար, նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
«Ռուսաստանը ուղիներ է գտել՝ շրջանցելու Եվրոպայի և ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումները, ուստի «ծորակը փակելը» կարող է Ռուսաստանի կոկորդը բռնել»,- հավելել է նա։