Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունները, որոնցում նա Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը մեղադրել է Ռուսաստանի Դաշնության շահերին ծառայելու և մանկապղծության մեջ, անհապաղ իրավական գնահատական են պահանջում։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Այդ մեղադրանքները, նրա խոսքով, չպետք է օդից կախված մնան, այլ պետք է ստանան իրավական գնահատական: «Ինչ վերաբերում է Վեհափառի դեմ քրեական վարույթին, սա այն տրամաբանական քայլերի շարունակությունն է, որը մենք առնվազն ավելի խտացված տեսել ենք 2025 թվականի հուլիսին», - նշել է Աբրահամյանը:
Սկզբունքորեն, ինչպես նշել է պատգամավորը, այդ հարձակումները սկսվել են դեռևս 2018 թվականին։ Դրանք պարբերաբար՝ տարբեր փուլերում, ակտիվացել են։ «Սակայն վերջին շրջափուլը 2025 թվականի հուլիսին է արտահայտվել։ Այն ակնհայտորեն պետք է բերեր այսպիսի դրսևորման, որը ինչ-որ չափով կանխատեսելի էր։ Որոշակի գործողությունները արագացվեցին կապված Վիեննայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի հետ»,- եզրափակել է ընդդիմադիրը։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր և վտարանդիության մեջ գտնվող «Դոժդ» հեռուստաալիքի տեղեկատվական ծառայության ղեկավար և հաղորդավար Եկատերինա Կոտրիկաձեին տված հարցազրույցում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը մեղադրել էր Ռուսաստանի շահերին ծառայելու և մանկապղծության մեջ։



