Պետք է ավելի լավ աշխատենք. Ավանեսյանը՝ Փաշինյ...

Կարծում եմ՝ մշտապես պետք է ուշադիր լինել, թե քաղաքացիների մոտ ընդհանրապես փոփոխությունների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա և վարչապետն էլ բարձրաձայնում էր, որ քաղաքացիների գոհունակությունը արդարության ընկալման մասով բավարար չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում Փաշինյանի դժգոհություններին, թե ուժային կառույցները լավ չեն աշխատում եւ որ իր համբերության բաժակը լցվել է:

«Մենք պիտի անենք ամեն ինչ, որպեսզի այդ գոհունակությունը բարձրանա։ Պիտի անել ավելի շատ, պետք է անել ավելի ժամկետների մեջ՝ հստակ ձևով: Ես ինքս էլ մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել և հնարավորինս մեր քաղաքացիների ակնկալիքները բավարարել»,-ասաց նա:

Ավանեսյանը շարունակեց. «Դե, գիտեք, ցանկացած դեպքերում էլ լինում է, որ մարդիկ անհատական որոշակի խնդիրներ ունենում են, ես չեմ կարծում, որ դա այսպես բացառիկ բան է և մեր երկրի համար։ Դա նորմալ, ընդունելի տարբերակ է, երբ որ քաղաքացին ինչ-որ անհատական խնդրով նաև մոտենում է։ Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, նաև բուժօգնության ոչ այն հասանելիությունը, որ մենք կարողանում ենք ապահովել և մեր ծրագրերով, իհարկե, ամեն տարի ավելացնում ենք, բայց դեռ չունենք ամբողջական ապահովում»:

Դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքից բխում էր, որ իր ասածներին մատների արանքով են նայում, չեն կատարում հանձնարարականները, նախարարն արձագանքեց. «Հստակ այսօր նա տվեց հանձնարականներ, ավել մեկնաբանություն չունեմ»: