«Պետք է կենտրոնանք նրա վրա՝ արցախցիները տնավո...

Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Ղարաբաղից տեղահանված հայերին՝ Հայաստանի Հանրապետությունում տնավորվելու համար:  

Վարչապետն այս մասին ասաց «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ։

«Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։ Սա քաղաքական և հոգեբանական առումով շատ կարևոր է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ 2023 թվականից ի վեր անձամբ ևս մշտական կապի մեջ է եղել Ղարաբաղից տեղահանված անձանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և տվել պատասխաններ:

«2023-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար»,- նշեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հավելեց՝ Կառավարության տրամադրած աջակցությամբ 1700 ընտանիք արդեն տուն է ձեռք բերել Հայաստանում: