Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ադրբեջանին Իրանի սպառնալիքների դեմ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Լրագրողի այն հարցին, թե Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին ավելի ու ավելի սպառնալից հայտարարություններ են հնչում, արդյո՞ք Վաշինգտոնը կարող է պաշտպանել Բաքվին, եթե Իրանը շարունակի նման հռետորաբանությունն այս երկրի նկատմամբ. «Նա (պետքարտուղար Էնթոնի Բլինկենը - խմբ.) այս շաբաթվա սկզբին հնարավորություն ուներ հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ (ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի - խմբ.) հետ: Հասկանալի է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք լինել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց դիմակայել Իրանի կողմից գործադրվող ապակայունացնող ազդեցությանը՝ տարածաշրջանում և, հնարավոր է նաև դրանից դուրս»,-ասել է Փրայսը։
Հիշեցնենք, որ Իրանը վերջին շրջանում Ադրբեջանին առնչվող իր ուղերձներում պնդում է, որ չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանը ուժով կամ այլ ճանապարհով ստանա, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Իրանը հայտարարել է, որ դա թույլ չտալու համար պատրաստ է նաև ուժ կիրառել։