Պետբյուջեի դեֆիցիտը 2025թ. կկազմի ՀՆԱ 5,5 տոկ...

Սպասվում է, որ ՀՀ բյուջեի դեֆիցիտը 2025թ. կկազմի ՀՆԱ 5,5 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովում, Հայաստանի եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ կնքված վարկային համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 23-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  ներգրավվող միջոցները պետք է ուղղված լինեն կապիտալ ծախսերին կամ այն միջոցներին, որոնք բարձրացնում են տնտեսության պոտենցիալը երկարաժամկետ հեռանկարում։

«Պետբյուջեի դեֆիցիտը 2024թ. կազմում է ՀՆԱ 4,6 տոկոսը, ինչը բարձր է դեֆցիտի ընդհանուր ընդունված մակարդակից 3 տոկոսով։ Այնուամենայնիվ, մենք սահմանել ենք դեֆիցիտի մակարդակ կարեւոր նախագծերի ֆինանսավորման, ինչպես նաեւ  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական եւ բնակարանային խնդիրների լուծման համար»,- նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ 483 մլրդ դրամ դեֆիցիտի պայմաններում կառավարությունը կապիտալ ծախսերը սահմանել է 700 մլրդ դրամի չափով։ «Այսինքն դեֆիցիտը գերազանցող գումարն ուղղվել է երկրի տնտեսության եւ անվտանգության ենթակառուցվածքի բարելավմանը», նշել է կառավարության ներկայացուցիչը։