Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատարի պետությունում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքի վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ հատկապես պաշտպանական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում։
Նախագահը շեշտել է, որ պետական քաղաքականության հիմքում մարդու բարեկեցությունն ու երկրի անվտանգությունն են, և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը միտված են երկարաժամկետ և կայուն արդյունքների ապահովմանը։
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորություններին։



