Պետական համակարգը պետք է ծառայի «Քաղաքացիական...

Ինչպես և սպասելի էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից հետո անցել է բռնաճնշումների: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, որ պատժելու է բոլոր այն համայնքի ղեկավարներին, որոնք իր թիմի դեմ կաշխատեն:

Փաշինյանի իշխանությունն արդեն սկսել է ռեպրեսիաները։ Օրերս ծեծի էր ենթարկվել Օձունի համայնքապետը, հարձակում էին գործել նրա հարազատին պատկանող խանութի վրա, բռնություններ են եղել այլ մարզերում։ Աշխատանքից ազատվել են մի շարք մարզպետարանների աշխատակիցներ, ովքեր ձայներ չեն հավաքել այս իշխանությունների համար։ Ստիպողաբար աշխատանքից ազատման դիմումներ են գրել եզդիաբնակ մի քանի համայնքի ղեկավարներ, որոնց համայնքներում Փաշինյանի թիմը պարտվել է ընտրություններում։

Սրանք դեռ ռեպրեսիաների սզկիբն են ու բնական է, որ հանրության մեծ մասը Արցախը հանձնած իշխանությանը վերընտրելով,  ազատություն է տվել նրանց ու կանեն այն՝ ինչ սրտները կուզի։ Ի վերջո, այդ ինչ պետք է անեն, որ Արցախի հանձնումից մեծ աղմուկ բարձրանա։

Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում կրկնեց Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքը․ «Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին»,-ասել է Արմեն Գրիգորյանը։

Ինչպես նկատեցիք Գրիգորյանն ու Փաշինյանի իշխանությունը այլևս ձևականությունների կարիք չեն զգում և ուղիղ հայտարարում են, որ պետական համակարգը ոչ թե պետք է ծառայի պետությանը, այլ  «միանշանակ ծառայի հաղթած ուժին»։

Սա արդեն պետության չգոյության մասին հրապարակային հայտարարություն է։ Որևէ ժողովրդավար համարվող պետությունում համակարգը չի ծառայում հաղթող կուսակցությանը, այլ համակարգը ծառայում է պետությանը, իսկ իշխանությունն ու պետությունը դրանք տարբեր բաներ են։ Արմեն Գրիգորյանը, ըստ էության, հայտարարում է, որ պետությունն իրենք են և անգամ ընտրված համայնքապետերը պետք է հեռանան, եթե չեն ծառայելու իրենց։ Այսինքն քաղաքացու ձայնը կարևոր չէ ու այսուհետ ընտրովի համայնքապետն էլ պետք է իշխանության սրտին մոտ լինի կամ համայքնապետ չեն կարող լինել։