Երեկ մենք անդրադարձ էինք կատարել Քաղաքացու օրվա մարզային տոնակատարությունները կազմակերպած ընկերություններից մի քանիսին, որոնց մասին տեղեկությունները պետռեգիստրում բացակայում են։ Մասնավորապես մենք պարզել էինք, որ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Կոտայքի մարզի միջոցառումները կազմակերպած «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումները կազմակերպած «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն գոյություն չունեցող ընկերություններ են։ Նրանց մասին տեղեկությունները Պետական ռեգիստրի պաշտոնական կայքում բացակայում են։ Համացանցի բաց աղբյուրներից կարողացանք ճշտել, որ «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն գործել է մինչև 2018 թվականը։
Հետագայում պարզվեց, որ կառավարությունը լրատվամիջոցին տված պատասխանում սխալ է ներկայացրել ընկերությունների անունները, ինչ մեզ թույլ չի տվել պետռեգիստրի կայքում գտնել համապատասխան տեղեկատվություն։ Օրինակ` կառավարության պաշտոնական պատասխանում նշված «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն իրականում «Գևորգ Աղաբալյան Հակոբի» ԱՁ-ն, «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն իրականում գրանցված է, որպես «Մհերյան Ալքսանդր» ԱՁ։ Մեզ հաջողվեց որոշակի մանրամասներ պարզել նրանց սեփականատերերի մասով։
Ի դեպ, պետք է նկատել, որ նշված կազմակերպությունները յուրաքանչյուրը ունի ընդամենը մեկ աշխատակից։
Սա «Պանորամա․ամ»-ին կառավարության կողմից տրված պաշտոնական տեղեկատվությունն է
Այսպես օրինակ «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերոջը՝ Գևորգ Աղաբալյանին։ Ի դեպ ամիսներ առաջ Աղաջանյանը ջանք չի խնայել, որպեսզի Գևորգ Աղաբալյանին դարձնի Մարզահամերգային համալիրի տնօրեն, սակայն նրան չի հաջողվել դա՝ փոխարենը նրա ընկերության համար ապահովում է ֆինանսական հոսքեր պետական բյուջեի հաշվին։
Գևորգ Աղաբալյանը նաև ակտիվ մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին և Փաշինյանի ղեկավարծ դաշինքի դրամահավաք երեկոյին։ Ստացվում է` Աղաբալյանը ճիշտ «ներդրում» է արել ու հիմա «փոխհատուցում» է ստանում։
«Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մյուս ընկերոջը՝ Ալեքսանդր Մհերյանին, ում ֆեյսբուքում կարելի է գտնել Sash Mheryan: Այս ընկերությունը, ըստ ընկերության հիմնադրի ֆեյսբուքյան էջի, այլ միջոցառումների պատվերներ ևս ստացել է պետությունից։ Նախկինում կազմակերպված միջոցառումների համար պետությունից ստացած միջոցների մասին այս պահին հստակ թվեր չունենք, սակայն խնդիրը անպայման կլինի մեր ուշադրության կենտրոնում։
Մեր կողմից բացահայտված մեկ այլ կազմակերպություն «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն փոխկապակցված է «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ին։ Այն պատկնում է ընկերության աշխատակից Արտյոմ Զաքարյանին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը «Պանորամա․ամ» լրատվականին պաշտոնապես տեղեկացրել է, որ Քաղաքացու օրվա Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումներ կազմակերպելու համար ավելի քան 8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ի հետ «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում , ըստ որի` Գեղարքունիքի մարզի միջոցառումները ևս իրենց կազմակերպություն է կազմակերպում։ Այսինքն` այստեղ հստակ մեքենայություն է տեղի ունեցել։
Տոնական միջոցառումներ կազմակերպող ընկերությունների թվում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ևս պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերներին։ Այս ընկերությունը կազմակերպել է Երևան քաղաքի տոնական միջոցառումները, որի համար ստացել է ավելի քան 25 մլն դրամ։
2017 թվականին ստեղծված «Ֆակտորի Փրոդաքշնը», որին հատկացվել է Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված բյուջեի շուրջ մեկ քառորդը՝ 25 մլն 20 հազար դրամ, օգոստոսից ի վեր 237.014.280 դրամի կամ շուրջ կես միլիոն դոլարի պատվեր է ստացել պետական տարբեր ատյաններից։ Գնումներին այդ ընկերության մասնակցությունը առնվազն հինգ խոշորագույն գործարքների դեպքում կազմակերպվել է մեկ անձից գնման միջոցով, առանց մրցույթի («Ֆակտորի փրոդաքշնի» պետբյուջեից ստացած գումարների մասին ծավալուն հոդված էր գրել «Մեդիալաբ․ամ լրատվականը)։
Լոռու մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումներ կազմակերպած «Մալինա» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում, բայց ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ընկերությունը որևէ անգամ գրանցած աշխատկցի համար պարտադիր 1000 դրամ վճար չի իրականացրել։ Սա նշանակում է, որ ընկերությունը անգամ մեկ գրանցված աշխատակից չունի։
Արարատի մարզում տոնական միջոցառումների կազմակերպման համար կառավարությունից 9 մլն դրամ ստացած «Ափ ընդ ափ պրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում և ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ունի մեկ աշխատակից։
Այս խնդրի հետ կապված մեր նախորդ հրապարակումը այստեղ