Կրեմլում ընդգծել են, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր ամերիկյան ծրագիրը մեծ մասամբ համապատասխանում է «Անքորիջի ոգուն», սակայն այն առարկայորեն չի քննարկվել ռուսական կողմի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Առարկայորեն այդ պլանը չի պատրաստվել, չի քննարկվել։ Այն իսկապես ամերիկյան կողմի ուրվագիրն է, որը մեզ է փոխանցվել», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն լուրերը, թե Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մասնակցել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի մշակմանը։
«Այս պլանը մշակվում էր, այդ թվում՝ Անքորիջում ձեռք բերված ըմբռնումների հիման վրա, և այն մեծ մասամբ համապատասխանում է Անքորիջի ոգուն» , - հավելել է նա՝ նկատի ունենալով օգոստոսին Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած բանակցությունները։
Պեսկովը նաև նշել է, որ «այն տեքստը, որն ավելի վաղ ոչ պաշտոնապես հայտնվել է մեզ մոտ, այժմ արդեն փոփոխության է ենթարկվել»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, որ ըստ Կրեմլի՝ Թրամփի ծրագիրը կարող է լավ հիմք ծառայել կարգավորման շուրջ բանակցությունների համար:
ԱՄՆ վարչակազմը ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման 28 կետից բաղկացած պլան, որի շուրջ օրերս Ժնևում քննարկումներ են եղել ուկրաինական կողմի հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ պլանը, մասնավորապես, ներառում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում:
Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնից ստացել է ուկրաինական կարգավորման պլանի տեքստը:



