Պեսկովը հերքել է, որ Իրանի ԱԳ նախարարը Պուտին...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է բերել Իրանի գերագույն առաջնորդի այաթոլլահ Ալիի Խամենեիի նամակը։

«Բայց դուք տեսաք, որ նա եկել էր առանց նամակի», - «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Արաղչին Պուտինին է բերել այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը։

«Իհարկե, նա, հավանաբար, Պուտինին փոխանցելու ինչ-որ բան ունի թե՛ Գերագույն առաջնորդից, թե՛ նախագահից, ուստի հիմա շատ լայն քննարկում տեղի կունենա», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Պուտինը Կրեմլում Արաղչիի հետ հանդիպմանն Իրանի վրա հարվածները որակել է որպես չհրահրված ագրեսիա, որը որևէ հիմք կամ արդարացում չունի։ 

«Սա Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիա է, այն որևէ հիմք կամ արդարացում չունի», - ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ լավ հայտնի է, այն ձևակերպվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։

Պուտինը հավելել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի այցը Ռուսաստան թույլ կտա քննարկել և մտածել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին։

«Մենք Իրանի հետ ունենք երկարամյա, լավ, հուսալի հարաբերություններ։ Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար», - նշել է Պուտինը։

Արաղչին, իր հերթին, ասել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների պատճառով: Թեհրանը Թել Ավիվի և Վաշինգտոնի գործողությունները համարում է անօրինական, Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանվելու օրինական իրավունք:

Ըստ Արաղչիի՝ Ռուսաստանը և Իրանն անընդհատ խորհրդակցում են բոլոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ գլոբալ անվտանգության հարցերի շուրջ։ 

«Մենք նաև ցանկանում էինք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին այս գործողությունները խստորեն դատապարտելու համար: Ռուսաստանն այսօր պատմության և միջազգային իրավունքի ճիշտ կողմում է: Իրանի գերագույն առաջնորդ (Ալի Խամենեին - խմբ.) և Իրանի նախագահ պարոն (Մասուդը - խմբ.) Փեզեշքիանը խնդրել են ինձ Ձեզ փոխանցել  լավագույն մաղթանքները», - ասել է նա: