
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր կայքից ջնջել է էջը, որը նվիրված էր աֆրոամերիկացի գեներալին եւ Վիետնամի պատերազմի վետերանին բազմազանության, հավասարության եւ ներառականության (Diversity, Equality and Inclusion, DEI) քարոզչության պայքարի շրջանակում: Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։
Կիրակի, ԱՄՆ բանակի գեներալ-մայոր Չառլզ Ք. Ռոջերսին նվիրված վեբ էջ այցելելով, կայքը ցույց է տվել սխալ, եւ ի հայտ է եկել հաղորդագրություն. «Ձեր որոնած էջը գուցե տեղափոխվել է, վերանվանվել կամ ժամանակավորապես անհասանելի է դարձել»: Բացի այդ, էջի հասցեի տողում Վիետնամի պատերազմի վետերանին Պատվո մեդալի արժանացնելու մասին «մեդալ» բառից առաջ ավելացվել է DEI հապավումը։
Google որոնողական համակարգերի միջոցով հասանելի նախնական դիտման մեջ երեւում է հեռացված էջի հոդվածի սկիզբը՝ թվագրված 2021թ.։ Դրանում կան հետեւյալ բառերը. «ԱՄՆ բանակի գեներալ-մայոր Չառլզ Քալվին Ռոջերսը, սեւամորթ լինելով, փորձել է հասնել գենդերային եւ ռասայական հավասարության ծառայության ժամանակ»։
Չառլզ Քելվին Ռոջերսը ծնվել է 1929թ. Արեւմտյան Վիրջինիա նահանգի Քլերմոնտ քաղաքում։ Ծառայությունն սկսել է Կորեական պատերազմում 1950-1953թթ., մինչեւ 1968թ. փոխգնդապետի կոչումով ղեկավարել է գումարտակ Վիետնամում։ Այնտեղ, ըստ The Guardian-ի, նա երեք անգամ վիրավորվել է բազայի պաշտպանությունը ղեկավարելիս։ 1970թ. ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Ռոջերսին շնորհել է «Պատվո շքանշան» ցուցաբերած խիզախության համար։ Արեւմտյան Վիրջինիայի ռազմական փառքի սրահի տվյալներով՝ Ռոջերսն ամենաբարձրաստիճան աֆրոամերիկացին է, որն արժանացել է այդ պարգեւին: