Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իլոն Մասկի Grok արհեստական բանականության չաթբոտը կմիանա Google-ի գեներատիվ արհեստական բանականությանը և կգործի Պենտագոնի ցանցում։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Շուտով մենք կունենանք աշխարհի առաջատար արհեստական բանականության մոդելները մեր գերատեսչության բոլոր գաղտնազերծված և գաղտնի ցանցերում», - ասել է Հեգսեթը Հարավային Տեխասում Մասկի SpaceX ընկերությունում ելույթ ունենալիս։
Հեգսեթը նշել է, որ Grok-ը հունվարի վերջին կինտեգրվի Պաշտպանության նախարարությունում՝ հավելելով, որ ինքը ռազմական տեղեկատվական համակարգերի «բոլոր համապատասխան տվյալները» հասանելի կդարձնի «արհեստական բանականության օգտագործման» համար։ Նախարարը նաև ասել է, որ հետախուզական տվյալների բազաներից ստացված տվյալները կընդգրկվեն արհեստական բանականության համակարգերում։
ԱՄՆ պատերազմի նախարարն ընդգծել է ռազմական գերատեսչության ներսում տեխնոլոգիական նորարարություններն արագացնելու անհրաժեշտությունը։
Հեգսեթի այս հայտարարությունը հնչում է աշխարհում Grok-ի հասցեին քննադատությունների ֆոնին։ Grok-ը, որը ներդրվել է Մասկին պատկանող X սոցիալական ցանցում, համաշխարհային դժգոհության առիթ է դարձել և քննադատության արժանացել առանց մարդկանց համաձայնության սեքսուալ բնույթի դիփֆեյք պատկերներ ստեղծելու համար։
Մալայզիան և Ինդոնեզիան արգելափակել են Grok-ը, իսկ Մեծ Բրիտանիայի առցանց անվտանգության անկախ վերահսկող մարմինը հունվարի 12-ին հայտարարել է հետաքննություն սկսելու մասին։ Grok-ը սահմանափակել է պատկերների գեներացումը և խմբագրումը. դա հասանելի է միայն վճարովի օգտատերերին։



