
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ասել է, որ անհանգստացած է Իսրայելի եւ Լիբանանի սահմանին լարվածության թեժացմամբ, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով իսրայելական եւ ամերիկյան աղբյուրներին։
Աղբյուրների խոսքով՝ ոմանք Բայդենի վարչակազմում անհանգստացած են այն բանով, որ Իսրայելը կփորձի սադրել «Հեզբոլլահին» եւ պատրվակ ստեղծել Լիբանանում ավելի լայն պատերազմի համար։ Իսրայելցի պաշտոնատար անձինք սա կտրականապես հերքում են։
Գազայում պատերազմի սկզբից Իսրայելի եւ Լիբանանի սահմանին բախումներ են տեղի ունենում։ «Հեզբոլլահը» գնդակոծել է իսրայելական առաջնադիրքերը սահմանի երկայնքով, Իսրայելը ավիահարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» դիրքերին, վերջինը հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում։
Իսրայելցի տասը զինվոր եւ քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ «Հեզբոլլահի» ավելի քան 60 զինյալ ու Լիբանան մի քանի խաղաղ բնակիչներ սպանվել են։
Իսրայելը տարհանել է տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների իսրայելական գյուղերից եւ քաղաքներից, որոնք գտնվում են սահմանից ոչ հեռու։
Աղբյուրն ԱՄՆ-ում տեղեկացրել է, որ Սպիտակ տունը Օսթինին խնդրել է Գալանտին հայտնել իրենց անհանգստությունը Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների թեժացման առիթով։
Օսթինը «ընդգծել է Գազայի հատվածում հակամարտությունը զսպելու եւ տարածաշրջանային էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը»՝ կոնկրետ Լիբանանը չնշելով։
Բայց ԱՄՆ եւ Իսրայելի երկու աղբյուրներ հայտնել են, որ դա շատ ուղիղ եւ անկեղծ խոսակցություն էր, եւ Օսթինը հատուկ հիշատակել է Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների հետ կապված անհանգստությունը։
Իսրայելական աղբյուրը տեղեկացրել է, որ Օսթինը Գալանտին խնդրել է բացատրություններ տալ Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետ կապված եւ խնդրել է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լիածավալ պատերազմի Իսրայելի եւ Լիբանանի միջեւ։
Գալանտն ասել է, որ Իսրայելի քաղաքականությունն այն է, որպեսզի չբացի երկրորդ ճակատ Լիբանանում։
Գալանտը նաեւ տեղեկացրել է, որ «Հեզբոլլահը» ուժեղացնում է իր գրոհները, ներառյալ անօդաչուների գրոհը Սիրիայից Էյլաթ քաղաքի դեմ։ «Հեզբոլլահը» կրակի հետ է խաղում»,- ասել է նա Օսթինին։
Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրում Լիբանանի եւ տարածաշրջանային մյուս տերությունների կառավարությունների վրա, որպեսզի նրանք անեն հնարավոր ամեն բան՝ պատերազմի մեջ «Հեզբոլլահի» ներքաշումը թույլ չտալու համար։
Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ Գազայի հատվածի հակամարտությունը տարածվի Լիբանանում, եւ գլխավոր առաջնահերթությունը իսրայելա-լիբանանյան սահմանի հանգստության պահպանումն է։
Բայդենի վարչակազմի պաշտոնյաները նշել են, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալայի անցած շաբաթվա ելույթներում հետագա թեժացման կոչեր չեն եղել եւ դա դիտարկում են որպես այն բանի նշան, որ ԱՄՆ կոչերը լսվել են։
Բայդենի վարչակազմը անհանգստացել է երկու միջադեպի առիթով, որոնք կարող էին «Հեզբոլլահին» դրդել այնպիսի պատասխան տալու, որը կարող էր զգալիորեն ընդլայնել հակամարտությունն Իսրայելի հետ։
Միջադեպերից մեկում Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածից վնասվել էր մի մեքենա, զոհվել էին տարեց մի կին եւ նրա երեք թոռները։ Իսրայելցի զինվորականները մի քանի օր հետո միայն խոստովանեցին դա։
Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, Օսթինի եւ Գալանտի խոսակցությունից առաջ, երբ իսրայելցի զինվորականները անօդաչուով հարված էին հասցրել սահմանից մոտ 25 մղոն հեռավորության վրա։ Դա ամենահեռահար հարվածն էր Լիբանանին պատերազմն սկսվելուց ի վեր։
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները անհանգստացած են նաեւ Գալանտի հրապարակային սպառնալիքների պատճառով «Հեզբոլլահի» հասցեին եւ կարծում են, որ այդ սպառնալիքները խորացնում են լարվածությունը, տեղեկացրել է իսրայելական աղբյուրը։
Իսրայելական մամուլը տեղեկացրել է, որ պատերազմն սկսվելուց մի քանի օր հետո Գալանտը եւ ՑԱԽԱԼ-ի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ ցանկանում էին նախազգուշական հարված հասցնել Լիբանանում՝ «Հեզբոլլահին»։ Տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նեթանյահուն չեղարկել է Գալանտի որոշումը։