Պեկինը պատրաստ է շարունակել և խորացնել համագո...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում, որն ակտիվ դեր է խաղում երկու երկրների տնտեսական և սոցիալական զարգացման խթանման գործում։ Ինչպես  տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին  ասվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ուղերձում՝ ուղղված Պեկինում ընթացող Ռուս-չինական 7-րդ էներգետիկ բիզնես համաժողովի մասնակիցներին:

«Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ համապարփակ էներգետիկ գործընկերության, գլոբալ էներգետիկ ճյուղում մատակարարումների շղթաների կայունության և անխափանության համատեղ պահպանման և էներգետիկ կառավարման ավելի արդար, հավասարակշռված և ներառական գլոբալ համակարգի ստեղծումն օժանդակելու նպատակով՝ համաշխարհային էներգետիկ անվտանգության և «կանաչ» ու ցածրածխածնային վերափոխումների բնագավառում ավելի մեծ կայունության ապահովման մշտական ամրապնդման համար», - ասել է Սի Ծինփինը:

Նա  նաև նշել է, որ չին-ռուսական էներգետիկ համագործակցությունն ունի լավ հիմք և երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության մոդել է։

Պեկինում բացվել է ռուս-չինական 7-րդ էներգետիկ բիզնես համաժողովը, որը հավաքել է մոտ 450 մասնակիցների՝ երկու երկրների խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և փորձագետների: