Պեկինը պահանջում է դադարեցնել Իրանի պատմական...

Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է դադարեցնեն Իրանում պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի ավերումը, ինչպես նաև հարվածները Իրանի ատոմային էլեկտրակայանին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Մաո Նինը։

«Մենք պնդում ենք, որ պատերազմող կողմերը, հատկապես ԱՄՆ-ն և Իսրայելը, անհապաղ և լիովին դադարեցնեն ռազմական գործողությունները», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանում պատմական տեսարժան վայրերի, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների ավերումը։

Նա նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների տակ գտնվող խաղաղ օբյեկտների վրա հարձակումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և ԱԷՄԳ-ի կանոնադրությանը և կարող է լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության համար։

Մաո Նինի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, «ամենակարճ ժամկետներում ձեռնամուխ լինել երկխոսության և բանակցությունների, հնարավորինս շուտ վերջ դնել այս պատերազմին, որը չպետք է տեղի ունենար»: