
Պեկինը կոչ է անում Իրանին և Իսրայելին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, վերադառնալ երկխոսության ու բանակցությունների ուղի: Այս մասին հունիսի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը շուտափույթ նվազեցնելու, էլ ավելի մեծ ցնցումների մեջ տարածաշրջանի ներքաշումը կանխելու և խնդիրները լուծելու նպատակով երկխոսության ու բանակցությունների ճիշտ ուղի վերադառնալու պայմանների ստեղծման համար», - դիվանագետի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Գո Ցզյակունն ընդգծել է, որ չինական կողմը խորապես մտահոգված է Իրանի վրա Իսրայելի հարվածի և ռազմական հակամարտության կտրուկ էսկալացման պատճառով։
«Ռազմական ուժով չես հասնի կայուն խաղաղության, ցանկացած միջազգային վեճ պետք է լուծվի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով», - ասել է նա՝ հավելելով, որ Պեկինը կշարունակի պահպանել կապը համապատասխան կողմերի հետ, կաջակցի խաղաղությանն ու երկխոսությանը։
Լույս հունիսի 13-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) լայնածավալ գործողություն է սկսել «Վեր հառնող առյուծ» անվանմամբ, որի շրջանակներում հարվածներ են հասցվում Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ռազմական թիրախներին ու օբյեկտներին, սպանվել են մի շարք բարձրաստիճան իրանցի զինվորականներ, այդ թվում՝ Իրանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը, ինչպես նաև մի շարք միջուկային ոլորտի գիտնականներ: Թիրախավորվել են նաև բնակելի շենքեր։ Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 224-ի։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին, որտեղ զոհերի թիվը հասել է 24-ի։