Պեկինում բանակցություններ են տեղի ունեցել ամե...

Ամերիկացի եւ չինացի բարձրաստիճան դիվանագետները Պեկինում «անկեղծ եւ արդյունավետ» բանակցություններ են անցկացրել եւ պայմանավորվել են կապի բաց գծեր պահպանել՝ լարվածությունը հակամարտության վերաճելուց խուսափելու համար, հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը եղել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը երկուշաբթի այցելել է Չինաստան՝ փետրվարի սկզբին ԱՄՆ-ի երկնքում չինական օդապարիկի խոցման հետ կապված Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ լարվածության աճից հետո, հաղորդում է ԶԼՄ-ները:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն ժամանակ հետաձգել էր նախատեսված այցը Չինաստան, եւ այդ ժամանակից ի վեր Պեկինը հիմնականում մերժել է կարծիքների պաշտոնական փոխանակման փորձերը՝ թեեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի պաշտպանական գերատեսչությունների երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ հանգստյան օրերին Սինգապուրում կայացած համաժողովում հակիրճ շփվել են:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Քրիթենբրինքը եւ փոխարտգործնախարար Մա Չժաոսույը «անկեղծ, կառուցողական եւ արդյունավետ հաղորդակցություն են անցկացրել Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավմանը նպաստելու եւ տարաձայնությունների պատշաճ կարգավորման վերաբերյալ»։

Պեկինը հայտարարել է, որ ներկայացրել է Թայվանի վերաբերյալ իր դիրքորոշումը, եւ որ երկու կողմերը պայմանավորվել են պահպանել կապը։