
Հարկ վճարողների մոտ 2025 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ընդգծելով, որ 19 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 153.7 մլն դրամ տուգանք: 12 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 76 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 19 մլն դրամ տուգանք:
«Հետևողականորեն շարունակում ենք հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։
Հորդորում ենք հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը»,- հայտնում են ՊԵԿ-ից
Խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ ցանկերը ներկայացվում են կից ֆայլով։