ՊԵԿ-ում տեղի է ունեցել «Հարավային Տերմինալ» ը...

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հարավային Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության տարեկան ժողովը։

 ՊԵԿ-ից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված էին ընկերության 2024 թվականի տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասի հաշվետվության, շահաբաժնի վճարման և շահույթի բաշխման հաստատման հարցերը։ 

Ըստ հաստատված ֆինանսական տվյալների՝ 2024 թվականին ընկերությունը ստացել է 236 մլն 150 հազ. ՀՀ դրամ եկամուտ և արձանագրել է 59 մլն 543 հազ. ՀՀ դրամ զուտ շահույթ, որը շուրջ հինգ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

 Բաժնետերերի որոշմամբ` շահույթի պետական բաժնեմասին համապատասխանող 29 մլն 176 հազ. ՀՀ դրամը կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 Ժողովի ընթացքում քննարկվել են նաև ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մաքսային տերմինալի տարածքում մատուցվող ծառայությունների արդիականացումը, նոր ենթակառուցվածքային լուծումների ներդրումը, ինչպես նաև ավտոկայանատեղիի պայմանների բարելավման և ընդլայնման ծրագրերը։

Այս նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը, ապահովել բեռնափոխադրումների գործընթացների հարմարավետությունն ու արագությունը, ինչպես նաև մեծացնել ընկերության ծառայությունների հասանելիությունն ու մրցունակությունը։ 

«Հարավային Տերմինալ» ՓԲԸ-ի 49% բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը մաքսային պահեստային տարածքի շահագործման և առնչվող ծառայությունների մատուցումն է։